Ձեռամբ Տեր Կոմիտաս քհն. Զոհրաբյանի (Հոգեւոր հովիվ Ֆաուլըրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու) եւ Հայր Անանիա Ծատուրյանի (Առաջնորդական փոխանորդ Կենտրոնական Կալիֆորիայի) Ֆրեզնոյում գտնվող «Կալիֆորնիա հայկական տուն» (California Armenian Home) հաստատության Մատուռում սույն թվականի փետրվարի 21-ին կատարվեց տնօրհնեքի արարողություն: Մինչ բուն արարողությունը, Տեր Կոմիտասը նախ ներկաներին համակողմանի ծանոթացրեց տնօրհնյաց կարգի խորհրդին ու դրան հաջորդող արարողությունների բովանդակությանը, ապա Հայր մեր աղոթքից հետո կատարվաց ընդհանրական խոստովանության կարգ, որից հետո ներկաները բարեպատեղ առիթն ունեցան հաղորդվելու մեր Տիրոջ կենարար մարմնին ու արյանը:
Հուրախություն հոգեւոր հայրերի՝ արարողությանը ներկա մամիկներն ու պապիկները տնօրհնյաց կարգի հոգեզմայլ շարականերգությանը բերեցին իրենց ցանկալի մասնակցությունը, որ մատրան հոգենորոգ մթնոլորը լցրեց ավելի ջերմությամբ: Արարողության վերջում ներկաների համար կատարվեց բժշկության աղոթք:
Նշենք նաեւ, որ այն անձինք, ովքեր առողջական ծանր խնդիրների պատճառով հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ընդհանրական արարողություններին, հոգեւոր հայրերն անձամբ այցելեցին նրանց եւ իրենց առանձնասենյակներում կատարեցին բժշկության աղոթք: